«Օքսֆամ» միջազգային կազմակերպությունը պնդում է, որ Դավոսում հավաքված քաղաքական գործիչներն ու գործարարները պետք է պարտավորություն ստանձնեն և կտրուկ քայլեր ձեռնարկեն, որպեսզի համաշխարհային կլիմայի փոփոխությունները պահպանվեն առնվազն 2 աստիճանից ցածր մակարդակի վրա:
Աշխարհի ամենահարուստ և հզոր մարդիկ այս շաբաթ հանդիպել են Դավոսում, և կլիմայական փոփոխություններին կարևոր դեր է հատկացվել օրակարգում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Դավոսի համաժողովին խնդրել է նախքան սեպտեմբերին կայանալիք համաշխարհային կլիմային նվիրված գագաթնաժողովը, լուրջ առաջարկներ ներկայացնի ածխաթթու գազի արտանետումների նվազեցումը խթանելու և առավել ճկուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով:
«Այս հավակնությունները կենսագործելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի այս հարցում առաջատարի դեր ստանձնեն գործարար աշխարհի առաջադեմ լիդերները, ովքեր հասկանում են, որ կլիմայի փոփոխությունն անդրադառնում է մարդկանց, մոլորակի և իրենց իսկ եկամուտների վրա: Նրանք ստիպված կլինեն բախվելու հիմնականում կառավարությունների կողմից հրահրվող քաղաքական վայրիվերումներին, որոնք զորեղ էլիտայի շահերը վեր են դասում քաղաքացիների, մասնավորապես՝ ամենաաղքատների շահերից, ընդ որում, վերջիններս ամենաշատն են տուժում գնալով ավելի տաքացող աշխարհում: Որոնք են այդ հզոր ընկերությունները, որ փակում են առաջընթացի ճանապարհը: Այս մասին գաղափար կարելի է կազմել՝ աչքի անցկացնելով այն 90 ընկերությունների ցանկը, որոնք արդյունաբերական դարաշրջանի սկզբից ի վեր կլիմայի աղտոտման ընդհանուր ծավալի շուրջ երկու երրորդի պատճառ են դարձել: Դրանցից յոթը ներգրավված են նավթի, գազի և քարածխի բնագավառներում: Դրանք են այն ընկերությունները, որոնց գործունեությունը պետք է կանոնակարգվի, և որոնք պետք է պատասխանատու լինեն իրենց պատճառած վնասի համար: Փոխարենը` քաղաքական ազդեցությունը գնելու միջոցով, դրանք արժանանում են առանձնահատուկ վերաբերմունքի:
Հանածո վառելանյութերի արդյունաբերությունը միլիարդներ է ծախսել՝ համոզելու համար կառավարություններին ու հանրությանը, որ կլիմայի փոփոխություն տեղի չի ունենում, որ փոփոխությունները տեխնածին չեն, և որ խնդրի լուծումը ֆանտաստիկայի ժանրի այնպիսի երևույթներն են, ինչպիսին է «մաքուր քարածուխը»: 2001-2011 թթ. ժամանակահատվածում կառավարությունները տարեկան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով սուբսիդիաներ են հատկացրել ԱՄՆ-ի հինգ խոշորագույն նավթային ընկերություններին, որոնք նույն ժամանակահատվածում 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի շահույթ են ապահովել:
Եվրոպայում էներգետիկ ընկերությունների խոշոր ծախսերի արդյունքում` Եվրամիությունը սահմանեց կլիմայի փոփոխությունների և էներգետիկ բնագավառներում իր 2020 թ. նպատակները՝ ապահովելով արտանետումների թույլատրելի քանակների ավելացումը:
Նույն միտումն ենք տեսնում զարգացող տնտեսություններում: Հարավային Աֆրիկայում, օրինակ, պետական սեփականություն հանդիսացող Eskom էներգետիկ համալիրը փորձում է համոզել կառավարությանը՝ աջակցելու քարածխի արդյունահանման և միջուկային ծրագրերին՝ միևնույն ժամանակ սպառողներից սպառած էներգիայի դիմաց գանձելով ավելի ու ավելի մեծ գումարներ: Հանրային շահով առաջնորդվելու պարագայում Eskom-ն ուղղություն կվերցներ դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Արդյունքում, հարավաֆրիկացիները ստիպված են վճարել Eskon-ի հնացած բիզնես մոդելի իրական ծախսերը՝ աղտոտված օդի, ջրի սակավության և գնալով ավելի ու ավելի փոփոխական ու վտանգավոր կլիմայի պայմաններում:
Կլիմայական փոփոխությունների սոցիալական և տնտեսական գինը, ինչպես նաև՝ այդ կապակցությամբ ձեռնարկվելիք քայլերի սոցիալական ու տնտեսական օգուտները գիտակցող բիզնես-լիդերները կարող էին զորեղ ուժ դառնալ ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում: Դեռևս շատ են ընկերությունները, որոնք կամ ակտիվորեն նպաստում են ճգնաժամին, կամ չեզոք դիրք են բռնել՝ անտեսելով սեփական արտանետումները և թույլ տալով, որ հանածո վառելանյութերի արդյունաբերությունները շարունակեն իրենց հաղթարշավը: Այդ ընկերությունները պետք է Դավոսում սկսեն համապատասխան հող նախապատրաստել:
Սնունդ և ըմպելիք արտադրող խոշոր ընկերությունները օրինակներից մեկն են: Եղանակային ծայրահեղ փոփոխությունները և տարվա եղանակների տեղաշարժը վտանգում են դրանց եկամուտները՝ խաթարելով մատակարարման շղթան և ձևավորելով ավելի բարձր և առավել անկայուն ապրանքային գներ: Դրանք պետք է շատ ավելին անեն իրենց արտանետումները կանխելու ուղղությամբ՝ իրենց գործունեության ընթացքում անցում կատարելով 100 %-ով կայուն վերականգնվող էներգիայի աղբյուրներին և համոզելով նույնն անել նաև այն ընկերություններին, որոնք ակամա անտառահատումների պատճառ են դառնում: Դրանք պետք է գործի դնեն կառավարությունների վրա իրենց նշանակալի ազդեցությունը՝ վերջիններից պահանջելով ձեռնարկել քայլեր, որ խոշոր աղտոտողները չկարողանան գերակա դիրք զբաղեցնել գործարար այնպիսի խմբավորումներում, ինչպիսին Առևտրի միջազգային պալատն է: Որոշ բացառություններով, կլիմայական գործունեության բնագավառում ներպետական և համաշխարհային մակարդակով քննարկումներում դրանց դերակատարության համեստությունը զարմացնում է՝ հաշվի առնելով այն կորուստները, որ նրանք կրելու են: Կլիմայի փոփոխությունների կապակցությամբ Դավոսում մշակվելիք նախաձեռնությունները պետք է հանգեցնեն արտանետումների զգալի լրացուցիչ նվազեցումների, և դրանց հետևում կանգնած ընկերությունները պետք է գործադրեն իրենց ազդեցությունը՝ կլիմայի փոփոխության առավել ծանրակշիռ նպատակներ ու գործողություններ առաջ քաշելու գործում:
Առաջադիմական ընկերությունների հետ համատեղ ջանք գործադրելով, և ավելի ու ավելի անհանգիստ ու կազմակերպված հանրության ընկերակցությամբ կառավարությունները կարող են վերանայել իրենց քաղաքական գերակայությունները՝ հանուն մարդկանց, մոլորակի և տնտեսության»,- ասվել է «Օքսֆամի» գլխավոր տնօրենի զեկույցում: